Վերջերս Facebook-ում ՀԱԿ ակտիվիստներն էնտուզիազմով տարածում են մի շարք լուսանկարներ և տեսահոլովակներ` «Ճանաչիր բռնապետին» վերնագրով: Հետաքրքրականն այն է, որ այդ, այսպես ասած, «բռնապետի» օրոք նույն ընդդիմությունը, ի դեմս ՀԱԿ-ի, հնարավորություն ստացավ վերադառնալու Ազատության հրապարակ, բազմաթիվ ցույցեր, ֆլեշմոբեր և ակցիաներ կազմակերպելու։ Աննախադեպ թափ և ակտիվություն ձեռք բերեցին զանազան քաղաքացիական շարժումներ, որոնք ոչ միայն հնարավորություն ստացան արտահայտելու իրենց կարծիքն ու հրապարակային պայքար ծավալելու, այլև շատ դեպքերում կարողացան ստիպել ՀԱԿ-ի ձեռամբ «բռնապետ» հռչակված նախագահին հաշվի նստել իրենց հետ: Համաձայնեք, որ դժվար թե «բռնապետը» երբևէ հաշվի նստեր հասարակական կարծիքի հետ: ՀԱԿ-ի կողմից «բռնապետի» կոչում ստացած Սերժ Սարգսյանի օրոք էր, որ եթեր տրամադրվեց նախկինում փակված Ա1+ին, եթեր տրամադրվեց ընդդիմադիր գործիչներին, և նախկինում «փողոցային ծայրահեղական ընդդիմություն» կոչված ՀԱԿ-ը մտավ խորհրդարան: Այլ խնդիր է, որ մինչև խորհրդարանական ընտրություններ կոնգրեսի հանդեպ քաղաքացիների վստահության գործակիցն այնքան էր իջել, որ ՀԱԿ-ի մաքսիմալ արդյունքը եղավ 7 %-ի չափով ներկայացվածությունը ԱԺ-ում:
Առավել հետաքրքրականն այն է, որ այսօր բռնապետությունից խոսում է մի քաղաքական ուժ, որի օրոք փակվել, այրվել և ավազակային հարձակումների են ենթարկվել ընդդիմադիր լրատվամիջոցների խմբագրությունները: Առաջին արյունը Ազատության հրապարակում թափվել է 1995-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում, երբ այն ժամանակվա իշխանության գլուխ կանգնած ՀՀՇ-ն, որն այսօրվա «լիբերալ» ՀԱԿ-ն է, լուծում էր իր վերարտադրության խնդիրը: Մեկ տարի անց` 1996-ին, նախագահական ընտրությունների ժամանակ նույն ՀՀՇ-ն, բռնությամբ վերարտադրվելուց հետո, ամբողջ հասարակության աչքի առաջ ուղիղ եթերում ՀՀ ԱԺ-ի նիստերի դահլիճում ծեծի ենթարկեց ընդդիմության ներկայացուցիչներին:
Այսքանից հետո ո՞վ է բռնապետը:
Նանա ԳՆԴՈՅԱՆ